Վեց տարեկանների մուտքի ճամբար։ Ամփոփում

Վեց տարեկանների մուտքի ճամբար։ Ամփոփում

Մարտի 27-ից 29-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում կազմակերպվեց 2018 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցեցին հեղինակային կրթական ծրագիրն ընտրել ցանկացող ընտանիքները։ «Մուտք» ճամբարի ծնողները մասնակցեցին սեմինար-պարապմունքների, որի ընթացքում ծրագրի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեց հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերը, փաստաթղթերը, ծանոթացրեց ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

«Մուտք» ճամբարի մասնակիցների հետ այս օրերին աշխատեցինք նախապես հրապարակված օրակարգով։ Մասնակցելով ընդհանուր պարապմունքներին՝ ընկեր Լիլիթի և տիկին Մարինեի հետ նոր պարեր և երգեր սովորեցինք, խաղ-ուսուցմամբ ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի «Կռունկներ»  և Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունները։

Եռօրյա ճամբարի ընթացքում այլընտրանքային զատկական ձվիկներ պատրաստեցինք, մարզվեցինք ընկեր Արմանի հետ,  իրականացրեցինք «Գույներ և ազդեցություններ» խաղ-գործունեությունը, կազմակերպեցինք վարդատունկ, ծաղկատունկ Արևելյան դպրոցի կրթական պարտեզում։ Ճամբարային հագեցած երեք օրերն ամփոփեցինք կրթահամալիրի Ուսումնական ագարակում, որտեղ ծանոթացանք սեբաստացի կենդանիների հետ, փորձեցինք հաղթահարել կենդանիների հետ շփվելու վախերը, կերակրեցինք ու ձիավարեցինք:

Միմյանց հրաժեշտ տվեցինք բարձր և ուրախ տրամադրությամբ՝ անհամբեր սպասելով մեր մյուս հանդիպմանը:

Ամփոփումն ըստ օրերի՝

«Մուտքի ճամբար». օր 3-րդ

«Մուտքի ճամբար». օր 3-րդ

Մուտքի ճամբարի երրորդ օրը մեկնարկեցինք Արևելյան դպրոցի բակում՝ միասնական երգ ու պարով, խաղ-ընթերցանությամբ:

Ընդհանուր պարապմունքից հետո շարունակեցինք վայելել պայծառ արևի տաքուկ շողերը: Մի խումբ վեց տարեկաններ ընկեր Իվետայի օգնությամբ ծաղկի կտրոններ տնկեցին, մյուս խումբն էլ ընկեր Սմբատի հետ կրթական պարտեզում վարդատունկ իրականացրեց: Գործունեության ընթացքում ճամբարականները մի քանի կարևոր հմտություններ ձեռքբերեցին՝ սովորեցին օգտվել աշխատանքային գործիքներից, ճիշտ տնկել և խնամել բույսը:

Օրը սպասված էր թե՛ մեր փոքրիկ ընկերների, թե՛ ծնողների համար, քանի որ նախապես տեղեկացրել էինք ուսումնական ագարակ այցելության մասին:

Ծաղկատունկն իրականացնելուց հետո միասին քայլքով անցանք Արևելյան դպրոց-Արևմտյան դպրոց -Ուսումնական Ագարակ ճանապարհը: Շրջեցինք ագարակում, ծանոթացանք սեբաստացի կենդանիների հետ,փորձեցինք հաղթահարել կենդանիների հետ շփվելու վախերը, կերակրեցինք ու ձիավարեցինք: Միմյանց հրաժեշտ տվեցինք բարձր և ուրախ տրամադրությամբ՝ անհամբեր սպասելով մեր մյուս հանդիպմանը:

Ֆոտոպատում մեր օրվանից՝