Հովհաննես Թումանյան «Կացին ախպեր»

Հովհաննես Թումանյան «Կացին ախպեր»

Մի մարդ գնաց հեռու երկիր՝ աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք՝ կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր բառակապակցությունները։

Աշխատանք անել _______________________________________________

Իրար ձայն տալ __________________________________________________

Կացինը վրա բերել _______________________________________________

Բոցը երկինք բարձրանալ _________________________________________

2.Կացնի տիրոջ անունից պատմի՛ր կացինը գյուղացիներին տալու պատմությունը, մուտքագրի՛ր։

Գնացել էի հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկա մի գյուղ և ի՜նչ տեսնեմ …

3.Մանրամասն պատմի՛ր առաջին փորձանքի մասին։

4. Այս նախադասություններն արտագրի՛ր՝ դասավորելով ըստ  դեպքերի հաջորդականության։

Գյուղացիները կացինը վերցրին։

Կացինը գցեցին մարագը, մարագը վառվեց։

Տանուտերը կացինով ոտը կտրեց, որովհետև օգտագործել չգիտեր։

Կացնին ծեծեցին։

Կացնին վառեցին։

5. Քո կարծիքով՝

Ա) Ինչպիսի՞ն էր կացինը։

Բ) Ինչպիսի՞ն էին գյուղացիները։

6. Հարցեր տո՛ւր՝

Ա) Գյուղացիներին

Բ) Կացնին

7․Խորհո՛ւրդ տուր գյուղացիներին։

8․Պատկերացրո՛ւ, որ հանդիպել ես այլմոլորակայինի։ Բացատրի՛ր նրան, թե ինչ է կացինը։

Թողնել մեկնաբանություն